Հայ պարբերական մամուլի բազմադարյան պատմության մեջ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես»-ն (ՊԲՀ) իր ուրույն տեղն ունի: Անցնելով գիտահետազոտական, գիտակազմակերպչական և գիտահրատարակչական բարդ ու դժվարին ուղի՝ պարբերականը դարձել է հայագիտության ամենահեղինակավոր հանդեսներից մեկը, գիտական կադրերի պատրաստման հայտնի դարբնոց, հաջողությամբ իրականացրել է իր առջև դրված բազմաբովանդակ նպատակները:
1950-ական թվականների կեսերից Խորհրդային Միությունում սկսված քաղաքական ձնհալը, նախորդ տասնամյակներում սկիզբ առած տնտեսության աճը, ժողովրդի ընդհանուր մակարդակի վերելքը` դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական հիմնարկների լայն ցանցի ստեղծումը, նպաստավոր պայմաններ էին ապահովում գիտությունների, այդ թվում՝ հայագիտության առաջընթացի համար: Պատմաքաղաքական նման բարենպաստ պայմաններում միայն հնարավոր դարձավ 1958 թ. իրագործել հայագիտական նոր պարբերականի հիմնադրումը` Հայաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարության և անվանի հայագետների ջանքերով:
Հայաստանի ԳԱ նախագահության որոշմամբ ստեղծված ՊԲՀ-ի խմբագրական խորհրդի մեջ ընդգրկվեցին նշանավոր պատմաբաններ ու բանասերներ Աշ. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Լ. Խաչիկյանը, Բ. Առաքելյանը, Ա. Ղարիբյանը, Ս. Արևշատյանը և այլք: Հանդեսի գլխավոր խմբագիր նշանակվեց անվանի պատմաբան, ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Մ. Ներսիսյանը, որը շուրջ 40 տարի անընդմեջ ղեկավարեց ՊԲՀ-ի աշխատանքները: Հետագա տարիներին հանդեսի խմբագրական խորհրդի կազմը համալրվեց նոր անդամներով` հայագետներով ու արևելագետներով` Բ. Պիոտրովսկի, Ի. Աբուլաձե, Վ. Բընըցյանու, Ա. Ղանալանյան, Կ. Ղաֆադարյան, Գ. Ջահուկյան, Էդ. Ջրբաշյան, Գ. Սարգսյան, Գ. Բրուտյան, Էմ. Պիվազյան, Հր. Բարթիկյան և ուրիշներ:
ՊԲՀ-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Մ. Ներսիսյանի մահից հետո այդ պաշտոնը 1999 թ. վստահվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, նշանավոր հայագետ Վ. Միքայելյանին: Վերջինիս մահից հետո` 2005 թ., հանդեսի մեկ համար լույս է տեսել պ. գ. դ. Պ. Մուրադյանի, մեկն էլ` հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար, բ. գ. դ. Ա. Զաքարյանի խմբագրությամբ: 2006 թ. հանդեսի գլխավոր խմբագիր է ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հայտնի բանագետ-բանասեր Ս. Հարությունյանը:
2018 թ. հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՊԲՀ-ի խմբագրական խորհրդի նախագահ նշանակեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյանին, իսկ գլխավոր խմբագիր՝ բ. գ. դ. Ա. Զաքարյանին:
Հանդեսի առաջին համարից ձևավորված և տարիներ ի վեր նույնությամբ պահպանված բովանդակային կառուցվածքը` բաժիններն ու ենթաբաժինները («Հոդվածներ», «Հաղորդումներ», «Բանավեճեր», «Պատմամշակութային ակնարկներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», «Սփյուռքահայ կյանք», «Մեր հոբելյարները», «Լրատու», «Գիտական ինֆորմացիա»), վերջերս ենթարկվել է հիմնավոր փոփոխությունների՝ լրացումների ու ճշգրտումների («Պատմություն», «Գրականագիտություն», «Լեզվաբանություն», «Արվեստագիտություն», «Հնագիտություն և Ազգագրություն», «Փիլիսոփայական մտքի պատմություն», «Մշակութաբանություն», «Քննարկումներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ», անհրաժեշտության դեպքում՝ «Մեր երախտավորները», «Մեր հոբելյարները», «Գիտական կյանք», «Լրատու»): Պարբերականում նյութերը հրատարակվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն։
ՊԲՀ-ն հիմնադրման օրից տարածվում էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Ի դեպ, մինչև 1990 թ. տարեկան հրատարակվել է հանդեսի 4 համար, 1991-1997 թթ.` 1 կամ 2 համար, մինչև 2000 թ. եղել են միացյալ համարներ, իսկ 2000 թ. ՊԲՀ-ն եռամսյայից վերածվել է քառամսյա հանդեսի, և առ այսօր տարեկան հրատարակվում է 3 համար:
Ամսագիրը խրախուսում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հոդվածների հրատարակությունը՝ աջակցելով գիտական բազմալեզու քաղաքականությանը, ինչպես նաև պահպանելով և զարգացնելով մայրենի՝ հայոց լեզուն։ Բացի այդ, այն կոչված Է պահպանելու ավելի քան կեսդարյա ձևավորված ավանդույթները։
Այս տարիների ընթացքում լույս է տեսել ՊԲՀ-ի 229 մեծադիր համար` յուրաքանչյուրը 15-20 մամուլ ծավալով, միջին հաշվով ամեն համարում զետեղվել է 25 անուն նյութ․ այսինքն` իր գոյության ընթացքում այստեղ տպագրվել է շուրջ 6․000 տպագիր միավոր:
1983 թ.՝ հայերեն և ռուսերեն, իսկ 2009 թ. հայերեն, ռուսերեն և անգլերեն լույս են տեսել ՊԲՀ-ի 1958-1982 թթ․ և 1983-2007 թթ. մատենագիտական ցանկերը:
ՊԲՀ-ի էջերում հայ և այլազգի մասնագետների կողմից հրատարակվել են հոդվածներ, հաղորդումներ և գիտատեղեկատվական նյութեր, որոնք վերաբերում են հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների պատմության, գրականության, լեզվի, հնագիտության, վիմագրության, բանահյուսության, ազգագրության, փիլիսոփայության, տնտեսագիտական մտքի, իրավունքի, արվեստների, ճարտարապետության ամենատարբեր խնդիրների քննությանը, ինչպես նաև՝ Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանում կատարված գիտական ու մշակութային կարևոր իրադարձություններին, հայագիտական հրատարակություններին: Հանդեսում համակողմանիորեն լուսաբանվել է նաև հայկական գաղթավայրերի պատմամշակութային կյանքը: Այս ամենը զուգակցվել է հարևան երկրների ու ժողովուրդների հետ ունեցած փոխառնչություններով և կապերով: ՊԲՀ-ն իր ներդրում ունի արևելագիտական, կովկասագիտական, բյուզանդագիտական ուսումնասիրությունների ասպարեզում:
Ընդհանուր մշակութաբանական և պատմաբանասիրական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները ևս մշտապես գտնվել են հանդեսի ուշադրության կենտրոնում, որով առավել ընդլայնվել է նրա գիտական տեսադաշտը` այն դարձնելով լայն ընդգրկումների պարբերական: Այս տեսակետից դարձյալ հարուստ են «Հրապարակումների», «Գրախոսությունների» և «Գիտական կյանք» բաժինները, ուր պարբերաբար հրատարակվում են գիտության և մշակույթի ականավոր դեմքերի անտիպ նամակներ, աշխատություններ, արխիվային տարբեր բնույթի վավերագրեր, աշխարհում հայագիտական, արևելագիտական և ընդհանուր մշակութաբանական արժեք ներկայացնող կարևոր հրատարակությունների մասին գրախոսականներ: Միանշանակ կարելի է արձանագրել, որ ՊԲՀ-ում տպագրված նյութերն առանձնանում են աղբյուրագիտական և պատմագիտական հարուստ ու բազմաշերտ հենքով:
Հանդեսի գործունեությանը տարբեր տարիների իրենց ակտիվ մասնակցությունն են բերել Անդրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, Ամերիկայի հայ ու այլազգի բազմաթիվ գիտնականներ: Այսպես, օտարազգի գիտնականներից հանդեսին աշխատակցել են Բուլղարիայից Դ. Անգելովը, Վ. Գյուզելևը, Չեխոսլովակիայից` Լ. Մոտալովան, Ռումինիայից` Վ. Բընըցյանուն (երկար տարիներ եղել է նաև խմբագրական կոլեգիայի անդամ), Իտալիայից` Ջ. Բոնֆանտեն, Վ. Պիզանին, Պ. Կունեոն, Ա. Ալպագո-Նովելլոն, Ֆրանսիայից` Ֆ. Ֆեյդին, Ժ.-Պ. Մահեն, ԱՄՆ-ից` Ռ. Թոմսոնը, Ջ. Գրեպինը, Ռ. Յակոբսոնը, Հոլանդիայից` Ս. Մայքլը, Մ. Սթոունը, Բելգիայից` Ջ. Վայտենբերգը, Հունգարիայից` Է. Շյուցը, Ժ. Տրոչանին, Գերմանիայից` Հ. Վալտեր Պոլը, Ռուսաստանից` Վ. Տոպորովը, Օ. Շիրոկովը, Տ. Իզմայլովան, Ա. Տերեշչենկոն, Ուկրաինայից` Ի. Կրիպյակևիչը, Ն. Ռաշբան, Ս. Ավերբուխը, Ա. Զինչենկոն, Ս. Յա. Դաշկևիչը, Վրաստանից` Ի. Աբուլաձեն (եղել է նաև խմբագրական կոլեգիայի անդամ), Դ. Չխիկիշվիլին, Գ. Մելիքիշվիլին, Հյուսիսայի Օսեթիա-Ալանիայի Հանրապետությունից՝ Վլ. Բեսոլովը, Իրանից՝ Մ. Մալեք Մոհամմեդին, Ա. Յահյամասիհին, Թուրքիայից՝ Բ. Բիլմեզը և ուրիշներ: Պարբերականում հանդես են եկել նաև ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի գրեթե բոլոր հայ անվանի հայագետները: Հեղինակների նման մեծ ընդգրկումը մի կողմից վկայում է ՊԲՀ-ի միջազգային լայն ճանաչման, մյուս կողմից` նրա գիտական բարձր վարկի ու հեղինակության մասին: Վերջինս իր արտահայտությունն է գտել նաև տարբեր երկրներից մեծահամբավ գիտնականների պարբերականի խմբագրությանը հղած նամակների բարձր գնահատականներում: Հանդեսի դերակատարությունը բարձր են գնահատել Հ․ Օրբելին, Վ. Մինորսկին (Լոնդոն), Կ. Մելիք-Օհանջանյանը, Հ. Սիրունին (Բուխարեստ), Հ. Արմենը, Հ. Շալյանը (ԱՄՆ), Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանների ներկայացուցիչները և ուրիշներ:
Ի մի բերելով ՊԲՀ-ի անցած շուրջ յոթ տասնամյակ գործունեությունը` կարելի է վստահաբար արձանագրել. ՀՀ ԳԱԱ հայագիտական այս պարբերականն իր շուրջն է համախմբել մայր հայրենիքի և արտասահմանյան մեծաթիվ հայագետների, արդյունավետ աշխատանք է կատարել իր ծրագրային նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար: Այս առումով հատկապես գնահատելի է հանդեսի գիտակազմակերպչական նշանակությունը, քանզի պարբերականի խմբագրությունը (աշխատակիցների բազմամյա փորձառությունը, հաստատուն ավանդույթները, հայագիտական նվաճումներն ընթերցող լայն հասարակությանը հավուր պատշաճի ներկայացնելու կարողությունը) անտրտունջ կազմակերպել, ընթացք և ուղղություն է տվել հայագիտական մտքի զարգացմանը:
ՊԲՀ-ն դարձել է հայագիտական մեծահամբավ պարբերական՝ համընդհանուր ճանաչում ձեռք բերելով մեր երկրում և նրա սահմաններից դուրս:
medias_attachmentsbottom_photos