«Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և միջազգային ընդունված չափանիշներով գործող գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի պահպանմամբ, որոնք արտացոլված են COPE առաջարկություններ բաժնում (տե՛ս http://publicationethics.org/resources/international-standards):
Հրատարակչական գործունեությունում անարդար գործելակերպից (գրագողություն, կեղծ տեղեկատվության ներկայացում և այլն) խուսափելու և գիտական հրապարակումների բարձր որակն ու հեղինակի գիտական արդյունքների հանրային ճանաչումն ապահովելու համար «Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրությունը, խմբագրական խորհուրդը, հեղինակները, գրախոսները պետք է հետևեն էթիկայի չափանիշներին՝ կանխելով հնարավոր խախտումները: Էթիկայի ուղեցույցն ապահովում է հեղինակների մտավոր սեփականության իրավունքները, բարելավում է հանդեսի որակը և բացառում հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի հնարավոր չարաշահումը: Հանդեսի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում հրապարակվող նյութերի (տեքստ, լուսանկար, գծանկար, աղյուսակ և այլն) իրավունքների ու արտահայտված մտքերի/տեսակետների համար. այդ մասին պատասխանատվություն են կրում հեղինակները:
Արհեստական բանականության կողմից ստեղծված բովանդակություն պարունակող հոդվածները, որոնք չեն կարող ստուգվել հղումներով, կմերժվեն խմբագրության կողմից։ Ինչպես նաև՝ հղումներ չպարունակող փոխառությունները կդիտարկվեն որպես գրագողություն։
Հեղինակ է համարվում այն անձը, որը էական մտավոր ներդրում է ունեցել հրապարակման ներկայացված գիտական աշխատանքում: Համահեղինակ է համարվում այն անձը, որը հավասար ներդրում է ունեցել հետազոտության մեջ: Անընդունելի է հոդվածներում թվարկել այն անձանց, ովքեր չեն մասնակցել հետազոտությանը։ Այնուամենայնիվ, բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ մասնակցել են հետազոտությանը, նույնպես պետք է պատշաճ նշվեն: COPE-ի հեղինակային ուղեցույցների համաձայն՝ այն անձինք, ովքեր ներդրում են ունեցել հետազոտության մեջ, բայց չեն համապատասխանում հեղինակային չափանիշներին, պետք է նշվեն «Շնորհակալություն» խորագրով՝ նախապես ստանալով նրանց գրավոր թույլտվությունը:
Եթե հետազոտությունը կամ հրապարակումը հնարավոր է դարձել որոշակի ֆինանսավորման շնորհիվ, ապա դրանց մասին պետք է կատարվեն համապատասխան նշումներ (ֆինանսական աջակցության աղբյուրները, դրամաշնորհների համարները կամ հղումները)։ Սա կնպաստի աշխատանքի թափանցիկությանը և թույլ կտա ընթերցողին գնահատել ցանկացած հնարավոր կողմնակալություն:
Հոդվածագիրը պարտավորվում է՝ հոդվածը ներկայացնել ըստ «Պատմաբանասիրական հանդես»-ի պահանջվող չափանիշերի և համառոտ տեղեկություն տալ հեղինակի կամ հեղինակների ինքնության մասին: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեջբերումներին։ Անճշտությունների դեպքում դրանք պարտադիր պետք է ուղղվեն հեղինակի կողմից հրապարակումից առաջ։ Մեջբերումների մանիպուլյացիայի ցանկացած ձև կհամարվի անտեղի և խմբագրության, խմբագրական խորհրդի կողմից անընդունելի։ Անտեղի ինքնահղումները չեն խրախուսվում։
Հոդվածագիրը պետք է խուսափի աշխատանքի կրկնօրինակումից։ Եթե կան հատվածներ, որոնք նախկինում հրատարակվել են, հեղինակը պետք է հղում կատարի նախորդ աշխատանքին՝ նշելով տարբերությունները։ Հոդվածը պետք է պարունակի հղումներ այն աշխատանքներին, որոնք էականորեն ազդեցություն են ունեցել հետազոտության վրա։
Հոդվածագիրը չպետք է ներկայացնի այլ ամսագրում ներկայացված և քննարկման փուլում գտնվող աշխատանքի բնագիր, նաև՝ այլ հրապարակված տարբերակ։
Հոդվածագիրը պարտավոր է հարգել խմբագրական խորհրդի և գրախոսների աշխատանքը՝ ուղղելով նրանց կողմից հոդվածում նշված անճշտությունները։ Իսկ գրախոսների այն դիտարկումները, որոնց հետ հեղինակը համամիտ չէ, պետք է գրավոր և գիտականորեն փաստարկված ներկայացնի իր տեսակետը։
Խմբագրությունը պարտավորվում է՝ հնարավորինս շուտ պատասխան տալ հոդվածագրին հոդվածի ընդունման կամ մերժման մասին (30 օրվա ընթացքում)՝ պահպանելով գրախոսի անվան և ապահովելով ներկայացված նյութերի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը։
Հոդվածը հրատարակության պատրաստելիս խմբագիրը պետք է պահպանի հեղինակային տեսակետները։ Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու պարզաբանումները համաձայնեցվում են հեղինակի հետ։ Խմբագրական միջամտությունների հետ անհամաձայնության դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվել նյութի հրապարակումից կամ գալ փոխհամաձայնության։
Խմբագրական աշխատանքներից հետո՝ հոդվածի տպագրությունից առաջ, հեղինակը ծանոթանում է խմբագրված վերջնական տեքստին՝ անձամբ այցելելով խմբագրություն կամ ընթերցելով հոդվածի pdf տարբերակը և տալով իր համաձայնությունը:
Ի գիտություն․ հետտպագրական քննարկումներ են ենթադրում հանդեսի այն հոդվածները, որոնց դրույթների մեջ կան վիճահարույց տարրեր, փաստական սխալներ կամ անճիշտ ձևակերպումներ՝ հեղինակի և խմբագրական խորհրդի մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում դրանք հրապարակվում են հանդեսի հաջորդ համարում։
Գանգատների ու բողոքարկումների առարկա հոդվածը ուղարկվում է մասնագիտական լրացուցիչ կարծիք-գրախոսության՝ անհամաձայնության տեղիք տված կոնկրետ հարցի կամ հարցերի լուսաբանման նպատակով։ Խմբագրությունը և խմբագրական խորհուրդը վերջնական որոշում կայացնում են այդ կարծիքի հիման վրա։ Այլ դեպքերում հոդվածը վերջնական տեսքի է բերվում հեղինակի և խմբագրության փոխադարձ համաձայնությամբ։
Գլխավոր խմբագիրը պարտավորվում է՝ գործել էթիկայի դրույթների շրջանակում և ապահովել դրանց անշեղ կիրառումը խմբագրություն-հեղինակ-գրախոս-խմբագրական խորհուրդ փոխհարաբերություններում։
Գլխավոր խմբագիրը պետք է գնահատի հոդվածի մտավոր բովանդակությունը՝ անկախ հեղինակի ռասայից, էթնիկ պատկանելությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, կրոնական համոզմունքներից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից կամ քաղաքական նախասիրություններից։
Գլխավոր խմբագիրը չպետք է թույլատրի հոդվածի հրապարակումը, եթե կան բավարար ապացույցներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու՝ այն գրագողություն է։
Գլխավոր խմբագիրը որոշում է հոդվածների հրապարակումը հետևյալ չափորոշիչներով.
- հոդվածի համապատասխանությունը հանդեսի բովանդակային ուղղվածությանը,
- ներկայացված հոդվածի արդիականությունը, նորույթը և գիտական նշանակությունը,
- պարզություն, գիտական արդյունքների հուսալիություն և եզրակացությունների ամբողջականություն։
Գլխավոր խմբագիրը պարտավոր է՝
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հրապարակված նյութերի բարձր որակն ապահովելու և անձնական տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար։
- հոդվածի հրատարակման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնել նաև գրախոսների առաջարկությունները:
- հիմնավորել հոդվածի ընդունման կամ մերժման վերաբերյալ որոշումները։
«Պատմաբանասիրական հանդես» ներկայացված բոլոր հոդվածները գրախոսվում են նույն ոլորտի առնվազն երկու մասնագետի կողմից։ Գրախոսները հոդվածների վերաբերյալ իրենց կարծիքները, առաջարկությունները, ներկայացնում են գլխավոր խմբագրին։ Գրախոսության համար ստացված հոդվածը համարվում է գաղտնի փաստաթուղթ, որը չի կարող քննարկման կամ ուսումնասիրության համար փոխանցվել երրորդ կողմի՝ առանց խմբագրական խորհրդի թույլտվության։
Գրախոսը պարտավորվում է՝ առաջնորդվել գաղտնիության սկզբունքներով։ Գրագողության հայտնաբերելու դեպքում նա պետք է հիմնավորի իր դիրքորոշումը և հայտնի անաչառ կարծիք՝ նշելով աշխատանքի առավելություններն ու թերությունները, հեղինակի կողմից հաշվի չառնված գիտական աղբյուրները՝ խմբագրության կողմից տրամադրված հատուկ ձևի համապատասխան: Այն պետք է գրախոսի կողմից լինի ստորագրված և ամսաթվի նշումով (գրախոսության բանավոր, հոդվածի տեքստի վրա նշումով տարբերակները վավեր չեն): Շահերի բախման դեպքում գրախոսը պետք է այդ մասին տեղեկացնի խմբագրությանը և խմբագրական խորհրդին։
Խմբագրական խորհուրդը, այդ թվում՝ արտերկրի մասնագետ խորհրդի անդամները, ունեն խորհրդակցական ձայնի իրավունք և կարող են մասնակցել հոդվածի գիտականությունը, արդիականությունն ու նորույթը գնահատելու գործընթացին՝ կայացնելով անաչառ որոշումներ հոդվածների մասնագիտական մակարդակի և որակի հիման վրա։ Նրանք գլխավոր խմբագրի խնդրանքով նաև մասնակցում են հանդեսի յուրաքանչյուր համարի բովանդակության քննարկումներին՝ հայտնելով իրենց մասնագիտական կարծիքը։
medias_attachmentsbottom_photos
