Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
Գևորգ Բարդակչյան (ԱՄՆ)

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Ծնվել է 1942 թ. Բեյրութում: Իր հայագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, այնուհետև դոկտորականը՝ Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա): 1974 թ. հրավիրվել է Հարվարդի համալսարան (ԱՄՆ) և որպես ավագ դասախոս ու մատենագետ՝ 1974–1987թթ. դասավանդել է հայագիտություն և ղեկավարել Հարվարդի հայկական հավաքածուն: 1987-ին պրոֆեսոր Գ. Բարդակչյանը դառնում է Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) նոր հիմնադրված հայոց լեզվի և գրականության Մարի Մանուկյան ամբիոնի (Անն Արբոր) առաջին ստանձնողը: Նա միաժամանակ հիմնադրում ու ղեկավարում է Միչիգանի համալսարանի ամառային հայկական ինստիտուտը Երևանում (1988–2009): Ինստիտուտը գրավում է հարյուրավոր հայ և ոչ հայ ուսանողների ԱՄՆ-ից ու Կանադայից, ինչպես նաև Չեխիայից, Եգիպտոսից, Անգլիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Թուրքիայից ու այլ երկրներից: Որպես Հայագիտական ծրագրի ղեկավար՝ նա կազմակերպում է միջազգային գիտաժողովներ, սիմպոզիումներ, աշխատարաններ և դասախոսություններ՝ նվիրված հայկական ավանդույթի տարբեր ասպեկտներին: Նաև ամուր կապ և հարաբերություններ է հաստատում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային գրադարանի և մի շարք ինստիտուտների հետ: Գ. Բարդակչյանը եղել է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (Society for Armenian Studies) գործադիր խորհրդի անդամ, բազմակողմանիորեն մասնակցել նրա աշխատանքներին և երկուական հաջորդական տարով (1981,1982), իսկ երրորդ անգամ՝ հինգ տարի (2010–2014) ժամկետով, եղել է ընկերակցության նախագահը: Նա եղել Հայաստանի և սփյուռքի հայագիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ, ակտիվորեն դասախոսել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հայաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Սինգապուրում և այլ երկրներում՝ հայ գրականությանը, պատմությանը և մշակույթին առնչվող տարաբնույթ թեմաներով: Դասախոսությունների լեզուն մեծամասամբ եղել է անգլերենը, սակայն առիթի դեպքում դասախոսություններ է կարդացել նաև հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն: 1984-ին նա Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակման հանձնաժողովի հանձնարարությամբ կոնֆիդենցիալ ուսումնասիրություն է պատրաստել Հայոց ցեղասպանության մասին: Երկու տարի հետո նա նկարահանվել է Թեդ Պողոսյանի Հանրային հեռարձակման (PBS) դոկումենտալ ֆիլմում՝ «Ճանապարհորդություն հայկական շավիղներով» “An Armenian Journey”, որտեղ խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Պրոֆ. Գ. Բարդակչյանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է: Բացի հայերենից և անգլերենից՝ նա իր ուսումնասիրությունների համար օգտագործում է արաբերեն, ադրբեջաներեն, հունարեն (koine), լատիներեն, պարսկերեն, ռուսերեն, օսմաներեն, ժամանակակից թուրքերեն և ասորերեն աղբյուրներ: Նրա կարևորագույն աշխատություններից են՝ «Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը» (Hitler and the Armenian Genocide), որը թարգմանվել է նաև հայերեն և թուրքերեն, արևելահայերենի ու արևմտահայերենի դասագրքերը, որոնք լայնորեն կիրառվում են ԱՄՆ-ի և այլ արտասահմանյան համալսարաններում, և նրա մոնումենտալ հատորը՝ «Հայ նոր գրականության ուղեցույց, 1500–1920. ներածական պատմությամբ» (A Reference Guide to Modern Armenian Literature, 1500-1920, with an introductory history), որը միջազգայնորեն ճանաչվել որպես հայ նոր գրականության (1500–2000) ուսումնասիրման համար անփոխարինելի աղբյուր: Այս գիրքը՝ (Modern Ermeni Edebiyatı խորագրի ներքո), ինչպես նաև նրա մի շարք հոդվածներ 2013-ին Ստամբուլում թարգմանվել են թուրքերեն: Բոլորովին վերջերս՝ 2014 թ. պրոֆ. Բարդակչյանը խմբագրեց (Ս. Լա Պորտայի հետ) «Հայ հայտնութենական ավանդությունը. համեմատական հեռանկարներ» (The Armenian Apocalyptic Tradition: a comparative perspective) (Brill, SVTP series, 2014) հիմնարար հատորը՝ նվիրված մինչ օրս ոչ բավարար ուսումնասիրված այդ թեմային: 2017թ. նրա՝ Օքսֆորդի համալսարանի դոկտորական աշխատանքը՝ «Հակոբ Պարոնյանի սոցիալական և քաղաքկան սատիրան» (Hagop Baronian’s Social and Political Satire), հրատարակվեց թուրքերեն (“Sivri Dilli Dahi: Hagop Baronnan’in Siyasi ve Toplumsal Hicvi”): ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը 2017-ին նրա յոթ անգլերեն հոդվածները թարգմանեց հայերեն և հրատարակեց առանձին գրքով («Պատմաբանասիրական հոդվածներ»): 2005-ի դեկտեմբերին Երևանի պետական համալսարանը Գ. Բարդակչյանին շնորհում է պատվավոր դոկտորի աստիճան (honoris causa): 2011-ին ընտրվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ: Նույն տարում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը նրան շնորհում է պատվավոր դոկտորի աստիճան: 2011-ին պարգևատրվում է Էլիս կղզու պատվո մեդալով՝ ամերիկյան մշակույթին բերած նպաստների համար: 2018 թ. հունվարին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հրավիրում է հատուկ նիստ՝ նշելու պրոֆ. Գ. Բարդակչյանի 75-ամյակը:

Հետազոտությունների ոլորտները

Վերջին հազարամյակի գրականամշակութային, պատմական, եկեղեցա-կրոնական, ինքնության հարցեր