Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
Անուշավան Զաքարյան

Բանասիրական գիտությունների դոկտոր։ Ծնվել է 1954 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի ԻԽՍՀ Օրդուբադի շրջանի (պատմական Գողթան գավառի) Փառակա տոհմիկ հայոց գյուղում: 1961թ. ընդունվել և 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կ. Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան № 19 միջնակարգ դպրոցը: Այնուհետև սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Ինստիտուտը չավարտած՝ դասավանդել է Հոկտեմբերյանի շրջանի Նոր Արտագերս գյուղի դպրոցում: 1975–1976 թթ. Հեռավոր Արևելքում` Խաբարովսկի երկրամասի Օբլուչիե քաղաքում, որպես շարքային, ծառայել է բանակում: 1977–1980 թթ. աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հրատարակչությունում որպես խմբագիր: 1980–1993 թթ. եղել է ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը: 1989–1990 թթ. վարել է նաև «Հայաստան» հասարակական կազմակերպության «Գոյամարտ» շաբաթաթերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: 1993 թ. հոկտեմբերին աշխատանքի է փոխադրվել ՀՀ Գերագույն խորհուրդ որպես քարտուղարության հրատարակչական բաժնի վարիչ: 1995 թ. հոկտեմբերից ղեկավարել է Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներ. եղել է արձանագրային-հրատարակչական բաժնի վարիչի տեղակալ, թարգմանչական-հրատարակչական ենթաբաժնի վարիչ, գրասենյակի ղեկավար, քարտուղարության պետի տեղակալ: 1998 թ. փետրվարից եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի նորաստեղծ «Պաշտոնական տեղեկագիր» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենը, 2000 թ. մարտից՝ ԱԺ աշխատակազմի հրատարակչության բաժնի վարիչ: 1999 թ. ստանձնել է «Պատմաբանասիրական հանդես»-ի պատասխանատու քարտուղարի, 2003-ից՝ նաև գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը: 2018 թ. հունիսից «Պատմաբանսիրական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է: 1985 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ռուս գրողները Անդրկովկասում և հայ գրական կյանքը» վերնագրով, իսկ 2005 թ. «Ռուս գրագետները և հայ իրականությունը (XX դարի 10-ական թվականներ)» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1989–2003թթ., 2009–2012 թթ. դասախոսական աշխատանք է կատարել մի շարք բուհերում (Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, «Գալիք», «Գլաձոր», Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական համալսարաններ): Երկար տարիներ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին կից, այժմ ԵՊՀ-ում գործող ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի Ժ. 01. 03 մասնագիտությամբ մասնագիտական խորհրդի անդամ է: Բազմիցս եղել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս: Զեկուցումներով հանդես է եկել միջազգային ու հանրապետական գիտաժողովներում: ՀՀ ԳԱԱ համակարգում ունեցած խոշոր վաստակի համար 2013 թ. ԳԱԱ նախագահի կողմից պարգևատրվել է «Վաստակագրով»: 1986 թ.՝ ԽՍՀՄ, ապա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: Ունի Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: ՊԲՀ-ի գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, «Գիտության աշխարհում» ամսագրի բաժնի խմբագիր: Հեղինակ է 23 մենագրության ու ժողովածուի, ավելի քան 250 հոդվածների և հրապարակումների:

Հետազոտությունների ոլորտները

XX դարասկզբի առաջին քառորդի հայ իրականության հարցեր, Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն, հայ-ռուս պատմագրական, մշակութային կապեր: